AM
27 Հունվար 2017 - 08:43 AMT

Էրդողանը կզբաղվի Պոլսի Հայոց պատրիարքի ընտրության կազմակերպմամբ

Ստամբուլի Սբ Պետրոս հայկական հիվանդանոցի հոգաբարձուների խորհրդի նախագահ Պետրոս Սիրինօղլուն հանդիպել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ և քննարկել Պոլսի Հայոց պատրիարքի սպասվող ընտրությունների հետ կապված մի շարք հարցեր: Հանդիպումը կայացել է հունվարի 26-ին Անկարայի նախագահական նստավայրում, հաղորդում է Rusarminfo.ru-ն:

«էրդողանը նշել է, թե ընտրության հետաձգման պատճառը հայ համայնքի թերացումն է, քանի որ իշխանություններն այս գործընթացին ընդհանրապես չեն միջամտում» ,- հայկական «Ակոս» շաբաթաթերթին հայտնել է Պետրոս Սիրինօղլուն:

Էրդողանը Սիրինօղլուին խոստացել է, որ սահմանադրական բարեփոխումների հանրաքվեի ավարտից հետո Թուրքիայի ղեկավարությունն անմիջապես կզբաղվի Պոլսի հայոց պատրիարքի ընտրության անցկացման հարցով:

Հոկտեմբերի 27-ին Պոլսի Հայոց պատրիարքության հոգևոր խորհուրդը, ելնելով եկեղեցական ավանդույթներից բխող դրույթներից, որոշում էր կայացրել պաշտոնաթող անել ներկայիս Պատրիարք Մեսրոպ Բ Մութաֆյանին: Պատրիարք Մութաֆյանը 2008 թվականից ի վեր անբուժելի հիվանդության պատճառով գտնվում է հիվանդանոցում: Հոգևոր խորհրդի կողմից արված հայտարարության մեջ նշվում էր, որ քանի որ այսուհետ պատրիարքի աթոռը թափուր է մնում, որպես հաջորդ քայլ իրենք կդիմեն պատկան մարմիններին նոր պատրիարքի ընտրություն անցկացնելու թույլտվություն ստանալու նպատակով: