ՌԴ մարդու իրավունքների հանձնակատար Տատյանա Մոսկալկովան անթույլատրելի է համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջանին:
«Անթույլատրելի եմ համարում Ռուսաստանի և Բելառուսի Միութենական պետության տարածքից Ադրբեջանին Ռուսաստանի քաղաքացի, անկախ լրագրող Ալեքսանդր Լապշինի արտահանձնումը», – գրել է Մոսկալկովան, տեղեկացնում է օմբուդսմենի պաշտոնական կայքը:
Նա հիշեցրել է, որ, համաձայն Սահմանադրության, Ռուսաստանի քաղաքացին չի կարող արտաքսվել ՌԴ սահմաններից դուրս կամ արտահանձնվել 3-րդ պետության:
Հունվարի 17-ին բելառուսական դատարանը որոշել է արտահանձնել Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին:
«Որոշումը կայացվել է և ֆաքսով ուղարկվել մեկուսարան: Միայն փաստաբանների համառության շնորհիվ հունվարի 18-ի երեկոյան ՌԴ և Իսրայելի դեսպանություններն իմացել են որոշման մասին:
Որոշման մեջ Լապշինի «հանցանքն» անսպասելիորեն միանգամայն այլ որակավորում էր ստացել. «Լապշինը մեղադրվում է անհայտ անձանց հետ նախնական պայմանավորվածությամբ հանցավոր կապի մեջ մտնելով, հանցախումբ ստեղծելու և 2011-ի ապրիլին և 2012-ի հոկտեմբերին առանց համապատասխան փաստաթղթերի, անցակետերը շրջանցելու ու Ադրբեջանի պետական սահմանն ապօրինի հատելու մեջ»:






