AM
2 Փետրվար 2017 - 06:38 AMT

Թրամփի քաղաքականության դեմ փաստաթուղթը մոտ 5 մլն մարդ է ստորագրել

Ավելի քան 4,9 մլն մարդ է ստորագրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քաղաքականության դեմ ուղղված փաստաթուղթը, որը շրջանառության մեջ է դրվել Avaaz հասարակական շարժման կայքում:

«Դրանում չկա մեծություն, աշխարհը մերժում է ահաբեկումը, ատելության և անհանդուրժողականության սաստկացումը»,-ասվում է տեքստում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Հունվարի 27-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել, որով 120 օրով կասեցվում է փախստականների մուտքն ԱՄՆ, անորոշ ժամանակով կասեցվում Սիրիայից ժամանող փախստականների ընդունումը (որոշ բացառություններով սիրիացի քրիստոնյաների համար) և խստացվում են ԱՄՆ մուտք գործելու կանոնները: Բացի այդ, Թրամփն 90 օրով սահմանափակել է մուտքն ԱՄՆ առավելապես մահմեդական բնակչությամբ երկրների համար, որոնք, սակայն, չեն նշվում:Ավելի վաղ հայտարարվել էր, որ ցանկում ներառված են Իրանը, Իրաքը, Լիբիան, Սոմալին, Սուդանը, Սիրիան ու Եմենը:

Մինչդեռ Rasmussen Reports-ի հարցման համաձայն ամերիկացիների 57%-ը սատարում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնած ներգաղթի սահմանափակմանը: Ընկերությունը հեռախոսային և համացանցային հարցում է կատարել` հետաքրքրվելով հասարակ ամերիկացիների կարծիքով այդ հարցի վերաբերյալ:

Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել Դոնալդ Թրամփի հրամանագրի վերաբերյալ` հորդորելով ամերիկահայերին չլքել երկրի տարածքը: