AM
8 Փետրվար 2017 - 08:27 AMT

«Վեցյակը» դեմ է Իրանի հետ միջուկային գործարքին սպառնացող քայլերին

Մոսկվան և նրա գործընկերները «վեցյակի» կազմից դեմ են ցանկացած քայլի, որը կարող է կասկածի տակ դնել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ գործարքը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ Սպառազինությունների չտարածման ու վերահսկողության դեպարտամենտի տնօրեն Միխայիլ Ուլյանովը:

ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Իրանի դեմ: Պատժամիջոցները սահմանվել են ի պատասխան Իրանում բալիստիկ հրթիռների փորձարկման:Սահմանփակումները վերաբերում են այն անձանց, որոնք մասնակից են բալիստիկ հրթիռների ծրագրի մշակմանը կամ ինչ-որ աջակցություն են ցուցաբերում «Իսլամական հեղափոխության պաշտպանների» կորպուսին:

«Եթե գործարքը խափանվի, այն խնդիրները, որ հիմա կարծես հաջողությամբ լուծվում են, կրկին կսրվեն և իրավիճակն անկանխատեսելի կդառնա: Դա չի բխում ոչ Իրանի, ոչ ԱՄՆ, ոչ էլ տարածաշրջանում Իրանի հարևանների, այդ թվում Իսրայելի և Ռուսաստանի, շահերից: Դրանից ոչ ոք չի շահի»,-ասել է Ուլյանովը:

Հաշվի առնելով այդ մտավախությունները` Մոսկվան «վեցյակում» իր եվրոպացի գործընկերների հետ միասին հանդես է գալիս «իրավիճակի սրմանը նպաստող ցանկացած քայլերից խուսափելու օգտին»:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «Իրանը թիվ 1 ահաբեկչական պետությունն է»: Այդ երկիրը միջոցներն ուղղում է սպառազինության վրա»,-ասել է Թրամփը: ԱՄՆ նախագահը խոստացել է գործել Թեհրանի հարցում պատժամիջոցների դիրքից: «Մենք արդեն սկսել ենք դա անել»,-ասել է նա:Թրամփը նշել է նաև, որ չի զգուշացնելու նախապես իր գործողությունների մասին:

2016-ի հունվարի 16-ին չեղարկվել են 2005-ից ի վեր Իրանի դեմ գործող միջազգային պատժամիջոցները:Պատժամիջոցները չեղարկվեցին ՄԱԳԱՏԷ-ի զեկույցի հրապարակումից հետո, որով հաստատվեց, որ Իրանը լիովին կատարում է «վեցյակի» հետ համաձայնության շրջանակում ստանձնած պարտավորությունները: