AM
8 Փետրվար 2017 - 09:55 AMT

Թրամփն ու էրդողանը պայմանավորվել են գործակցել Էլ Բաբի և Ռաքքայի մատույցներում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պայմանավորվել են համագործակցել սիրիական Էլ Բաբի և Ռաքքայի ուղղությամբ հարձակողական գործողություններում:

Հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել փետրվարի լույս 8-ի գիշերը, նախագահները քննարկել են Սիրիայում «անվատնգության գոտիների» ստեղծման հարցը, միգրացիոն ճգնաժամը և ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր:

Էրդողանն առաջարկել է Թրամփին հրաժարվել սիրիացի քրդերին աջակցելուց, որոնց Անկարայում ահաբեկիչ են համարում: Այդ հարցը կքննարկվի ԿՀՎ տնօրեն Մայք Պոմպեոյի Թուրքիա կատարելիք այցի ժամանակ, որը տեղի կունենա փետրվարի 9-ին: Ակնկալվում է, որ կողմերը կանդրադառնան նաև Ֆեթուլլահ Գյուլենի արտահանձնման հարցին, որին Անկարայում մեղավոր են համարում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար, հայտնում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով:

Հեռախոսազրույցի ժամանակ Թրամփը կրկին հայտարարել է, որ ԱՄՆ-ն սատարում է Թուրքիային որպես իր ռազմավարական գործընկեր ու ՆԱՏՕ-ի գծով դաշնակից: Նա ողջունել է Թուրքիայի ավանդը ԻՊ դեմ պայքարում:

Հունվարի վերջում Էրդողանը հայտարարել էր, որ մտադիր է հանդիպել Թրամփի հետ` առողջացնելու համար թուրք-ամերիկայն հարաբերությունները: Նա նշել էր, որ մտադիր է քննարկել նրա հետ Ֆեթուլլահ Գյուլենին Թուրքիային արտահանձնելու հարցը, որին Անկարան պատասխանատու է համարում 2016-ի հուլիսին տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձի համար: