Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է արել Ավստրալիայի կառավարությանը դատապարտել Բելառուսի կողմից բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնումն Ադրբեջան:
Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:
«Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը կոչ է անում Ավստրալիայի կառավարությանը, ինչպես նաև մարդու իրավունքների և քաղաքացիական ազատության միջազգային կազմակերպություններին միանալ մեզ և դատապարտել Ադրբեջանի բռնապետության կողմից խոսքի ազատության բռնաճնշումներն «արտահանելու» այս ակնառու քայլը:
Այսօր ազատությունը խախտվել է: Սա սև օր է ամբողջ աշխարհում ազատ խոսքի և լրագրության համար: Միջազգային հանրությունը չպետք է հաշտվի այս ամոթալի դեպքի հետ և փոխարենը պետք է կոչ անի անհապաղ ազատ արձակել Լապշինին»,- նշել է Հայ դատի Ավստրալիայի հանձնախմբի տնօրեն Վաչե Քահրամանյանը, գրում է Yerkirmedia.am-ը:
2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է:
Կարդացեք նաև՝ Պեսկով. Լապշինի պաշտպանության համար ձեռնարկվում են հնարավոր բոլոր միջոցները






