AM
9 Փետրվար 2017 - 07:05 AMT

ԻՊ գրոհայինները Մոսուլից հեռանալ փորձող 45 խաղաղ բնակչի են գնդակահարել

Ծայրահեղական «Իսլամական պետություն» կազմակերպության գրոհայինները մեկ շաբաթվա ընթացքում 45 խաղաղ բնակչի են սպանել, որոնք չեն ցանկացել կռվել ահաբեկիչների շարքերում և մտադիր էին հեռանալ Մոսուլից: Լուրջ պարտություն կրելով հունվարին, երբ Իրաքի բանակը կարողացավ ազատագրել ԻՊ-ից քաղաքի արևելյան թաղամասերը, գրոհայինները սկսեցին ստիպել խաղաղ բնակիչներին համալրել իրենց շարքերը:

«ԻՊ-ն փորձում է բռնի անդամագրել երիտասարդներին: Շատերը հրաժարվել են և փորձել են փախչել»,-ասել է խաղաղ բնակիչներից մեկը:

Փետրվարի 6-ին ահաբեկիչները 40 երիտասարդի են գնդակահարել, որոնք փորձել են լողալով ացնել գետը դեպի արևելյան մասը: Եվս 5 մարդ է սպանվել հաջորդ օրը` նույնպես փախուստի դիմելիս: «Գրոհայինները գիտեն, որ իրենց օրերը հաշված են, ուստի ձգտում են որքան հնարավոր է շատ մարդ սպանել»,-ասել է ևս մեկ խաղաղ բնակիչ:

ՄԱԿ տվյալներով, արևմտյան Մոսուլում, որը ԻՊ ամբողջական հսկողության տակ է, մոտ 750-800.000 խաղաղ բնակիչ է մնում:

ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկել է 2016-ի հոկտեմբերին: Ահաբեկիչները կորցրել են շրջաններից շատերը Մոսուլի արևելքում, սակայն արևմտյան մասը Տիգրիսի մյուս ափին մնում է գրոհայինների հսկողության տակ:Գործողության մեկնարկից 90 օր անց անվտանգության ուժերին հաջողվել է լիակատար վերահսկողություն հաստատել քաղաքի արևելյան թաղամասներում, սակայն դա ծանր հետևանքներ է ունեցել: Ինտենսիվ մարտական գործողությունների հետևանքով քաղաքի ենթակառուցվածքներին հսկայական վնաս է հասցվել: