Բրիտանացի պատգամավորները ձայների ճնշող մեծամասնությամբ փետրվարի 8-ին վերջին ընթերցմամբ ընդունել են ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու (Brexit) ընթացակարգը գործարկելու մասին օրինագիծը:
Կառավարության ներկայացրած օրինագծին կողմ է քվեարկել 494 պատգամավոր, դեմ՝ 122-ը: Օրինագիծն ընդունվել է առանց որևէ փոփոխության:
Այժմ օրինագիծը, որը վարչապետ Թերեզա Մեյին իրավունք է տալիս կյանքի կոչել Եվրամիության մասին Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, կներկայացվի խորհրդարանի վերին՝ Լորդերի պալատի քննարկմանը: Քննարկումը նախատեսվում է սկսել փետրվարի 20-ը, հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը մարտի 9-ին կկիրառի Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը, որով կմեկնարկի Եվրամիությունից երկրի դուրս գալու (Brexit) 2-ամյա գործընթացը:
2016-ի հունիսին հանրաքվեի ժամանակ Բրիտանիայի բնակիչների մեծամասնությունը` 51,9%-ը կողմ է արտահայտվել ԵՄ-ից դուրս գալուն:
Մինչդեռ Շոտլանդիայի խորհրդարանը դեմ է քվեարկել Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու վերաբերյալ Բրիտանիայի կառավարության կողմից մշակված օրինագծին: Նախաձեռնությունը Շոտլանդիայի կառավարությանն էր, թեև այն չունի իրավական ուժ:






