AM
9 Փետրվար 2017 - 13:34 AMT

Մոսկվան կշարունակի զբաղվել Լապշինի գործով

Ռուսաստանը կշարունակի զբաղվել Բաքվի հարցումով Մինսկում ձերբակալված և հետո Ադրբեջանին արտահանձնված ռուսաստանցի բլոգեր Ալեքսանդր Լապշինի գործով: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել ՌԴ և Իսրայելի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին Ադրբեջանին արտահանձնելու որոշումը: Նույն օրը նա տեղափոխվել է Բաքու և այժմ գտնվում է մեկուսարանում:

«Մենք հետագայում ևս կզբաղվենք ՌԴ քաղաքացու ճակատագրով»,-ասել է Զախարովան` հիշեցնելով, որ ՌԴ ԱԳՆ-ն արդեն հայտնել է իր դիրքորոշումն այդ հարցի վերաբերյալ, հայտնում է ՏԱՍՍ-ը:

«Այս հարցը, ինչպես և երկկողմ հարաբերություններում ծագող մյուս բոլոր հարցերը, անկախ նրանից, թե որ երկրի մասին է խոսքը, պետք է լուծվեն աշխատանքային կարգով»,-ասել է Զախարովան: «Լինում են ավելի կամ պակաս բարդ հարցեր, սակայն այն ամենն, ինչ կապված է ՌԴ քաղաքացիների ճակատագրի հետ, առաջնային թեմա է ՌԴ համար: Այդ ամենը պետք է լուծել աշխատանքային կարգով, մենք դրանով ենք առաջնորդվում»,-ասել է նա:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ փաստաբան Սաֆար Հուսեյնովը Բաքվում հանդիպել է Լապշինի հետ: Ըստ փաստաբանի, հանդիպումը տեղի է ունեցել Բաքվի №1 քննչական մեկուսարանում: Լապշինն ասել է, որ պայմանների առումով բողոք չունի, ինքնազգացողությունը նորմալ է: Հանդիպման այլ մանրամասներ հայտնի չեն:

2016-ի դեկտեմբերին բլոգեր Ալեքսանդր Լապշինին ձերբակալել են Մինսկում Ադրբեջանի հարցումով, որտեղ նա ընդգրկված է «սև ցուցակում» ԼՂՀ այցելելու համար: ԼՂՀ այցելած անձանց համար մուտքն Ադրբեջան արգելված է: Այնուամենայնիվ, 2015-ի հունիսին Լապշինը մուտք է գործել Ադրբեջան Վրաստանի տարածքից ուկրաինական անձնագրով: Նրան հաջողվել է անցնել սահմանային հսկողությունը և հայտնվել Բաքվում, քանի որ ուկրաինական անձնագրում Ալեքսանդր անունը գրված էր «Օլեքսանդր»: Դրանից հետո Ադրբեջանը բլոգերի միջազգային հետախուզոմ էր հայտարարել «Պետական սահմանի մասին» օրենքը և երկրի միգրացիոն օրենսդրությունը խախտելու համար: ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ ՌԴ քաղաքացու արտահանձնումը երրորդ երկիր անթույլատրելի է: