AM
10 Փետրվար 2017 - 12:34 AMT

Ֆրանսիայում 4 անձ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով

Ֆրանսիայի հարավային Էրո դեպարտամենտում հակաահբեկչական գործողության արդյունքում 4 անձ է ձերբակալվել Փարիզում ահաբեկչություն ծրագրելու կասկածանքով:

Փետրվարի 10-ի առավոտյան Մոնպելյե քաղաքում Ֆրանսիայի հակաահաբեկչական ծառայության կողմից ձերբակալվածների թվում 16-ամյա աղջիկ կա: Խումբը մտադիր էր ահաբեկչություն գործել Փարիզի մարդաշատ վայրերից մեկում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկների կուտակումները: Գործողությունը նախատեսվում էր անցկացնել մահապարտ ահաբեկչի օգնությամբ: Ձերբակալվածների տանը հայտնաբերվել են պայթուցիկ նյութեր, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Փետրվարի 3-ի առավոտյան մաչետեով զինված անհայտ անձը, «Ալլահ Աքբար» բղավելով, հարձակվել է Լուվրի մոտ պարեկային ծառայություն իրականացնող զինվորականների վրա: Ի պատասխան զինվորականները կրակ են բացել: Հարձակվողը վիրավորում է ստացել որովայնի շրջանում և հոսպիտալացվել է: