AM
10 Փետրվար 2017 - 11:59 AMT

Թուրքիայում պայթյուններից և զինված բախումներում 63 երեխա է զոհվել 2016-ին

Թուրքիայի «Մարդու իրավունքների միությունը» (İHD) 2016թ. երեխաների իրավունքների խախտումների վերաբերյալ զեկույց է հրապարակել: Զեկույցում արձանագրվել է, որ 2016-ին Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում զինված բախումների ընթացքում զոհվել է 22, իսկ պայթյունների հետևանքով՝ 41 երեխա:

Միության Դիարբեքիրի մասնաճյուղի կողմից կազմված զեկույցի համաձայն՝ անվտանգության ուժերի կողմից զենքի կիրառման իրավունքի չարաշահման հետևանքով անցյալ տարի զոհվել է 5 երեխա: Բացի այդ՝ զինված բախումների ընթացքում վիրավորվել է 12 երեխա, ևս 3 երեխա տարբեր վիրավորումներ է ստացել ահաբեկչական պայթյունների հետևանքով, թուրքական Demokrat Haber-ին հղումով գրում է Ermenihaber.am-ը:

2016թ. Թուրքիայի նշված շրջաններում ձերբակալվել է 150, ազատազրկվել՝ 40 երեխա, առնվազն 6 երեխա ենթարկվել է կտտանքների:

Փաստաբան Էրջան Յըլմազի խոսքով՝ անհայտ անձանց կողմից կատարված հարձակումների, ականների կամ առանց վերահսկման թողնված պայթուցիկ նյութերի գործարկման, սխալմունքի կամ անփութության, ինքնասպանությունների հետևաքնով կամ նմանատիպ այլ պայմաններում նախորդ տարի զոհվել է 40, վիրավորվել՝ 49 երեխա:

Ընտանեկան բռնությունների հետևանքով 2016թ. զոհվել է 10 երեխա, վիրավորվել՝ 2-ը: Եվս 114 երեխա տարբեր պայմաններում շահագործման է ենթարկվել: