AM
13 Փետրվար 2017 - 09:27 AMT

ԼՂՀ ՊԲ. Ադրբեջանական ագիտպրոպի տարածած տեսագրությունն անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ «բեմադրություն է»

Փետրվարի 13-ին ադրբեջանական ագիտպրոպը հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, համաձայն որի, իբր հայկական կողմը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ, իսկ իրենց ուժերը ժամանակին կանխել են դա: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊԲ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:

«Բաքվի աճպարարներն իրենց սովորության համաձայն որոշել են, որպես «անհերքելի ապացույց» ներկայացնել բավականին անճաշակ ու ոչ պրոֆեսիոնալ մակարդակով «բեմադրված» մի տեսագրություն (ինչը վերջին շրջանում կատարում են շատ հաճախ): Այս ամենով հանդերձ, կարծես թե՝ Ադրբեջանի ՊՆ-ն վերջնականապես կորցնում է (եթե, իհարկե, արդեն չի կորցրել) իրականությունը սթափ գնահատելու ընդունակությունը, փաստ է…

Եվ վերջում մի հավելում. ըստ Ադրբեջանի ՊՆ-ի կողմից փետրվարի 12-ին տարածված պաշտոնական հաղորդագրության «թշնամու կողմից առաջնային դիրքերի գնդակոծությունը կանխելու ընթացքում տեղի ունեցած փոխհրաձգության ժամանակ զոհվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Ֆուադ Ֆարհադ օղլու Գաֆարովը»: Այսքանից արվելիք հետևությունները թողնում ենք ձեզ», – ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է Հասրաթյանը:

Ադրբեջանական կողմը տեսանյութ էր տարածել, որտեղ, իբր, երևում է «հայկական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձի կանխումը»: