AM
15 Փետրվար 2017 - 08:50 AMT

Կրեմլում հնարավոր են համարում Պուտինի պատիվը պաշտպանող մեխանիզմի մշակումը

ՌԴ-ում գործող օրենքները թույլ են տալիս պաշտպանել մարդու պատիվն ու արժանապատվությունը, սակայն իրավաբանները պետք է «լրջորեն քննարկեն» անձնապես երկրի նախագահին պաշտպանող նորմերով օրենսդրությունը համալրելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

«Պետք է ուսումնասիրել միջազգային փորձը, որտեղ և ինչպես են կիրառվում այդպիսի օրենքները»,-ասել է Պեսկովը, գրում է ՌԲԿ-ն:

Պեսկովը նշել է, որ ՌԴ նախագահը «կառուցողական մոտեցում ունի քննադատության հանդեպ», սակայն վիրավորանքները Կրեմլի համար անընդունելի են:

Փետրվարի 13-ին ՌԴ նախագահի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանող օրենք ընդունելու անհրաժեշտության մասին հայտարարել էր Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը: