Ադրբեջանի իշխանությունները քարոզչական նպատակներով կազմակերպել են Բաքվում հավատարմագրված դեսպանների այցը Ջոջուք Մերջանլի գյուղ` ներկայացնելով այն որպես 2016-ի ապրիլին «ազատագրված»:
Ջոջուք Մերջանլին գտնվում է 2016-ին ապրիլին ադրբեջանցիների վերահսկողության տակ անցած Լելե Թեփե բարձունքին հարող տարածքում: Այն Ադրբեջանի հսկողության տակ է 1994-ից ի վեր, սակայն, այժմ պաշտոնական Բաքուն ներկայացնում է այն որպես հայերից 2016-ի ապրիլին «ազատագրված»: Բնակավայրում մեծածավալ շինարարական աշխատանքներ են ընթանում: Բարեկարգման աշխատանքների համար 3 մլն դոլար է հատկացվել:
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբերտ Սեկուտան հրաժարվել է այցելությունից` մերժելով հրավերը, ինչը դժգոհություն է առաջացրել Բաքվում: Նրա օրինակին է հետևել ևս 7 դեսպան:Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի Փախստականների և բռնի տեղահանվածների հետ աշխատանքի գծով պետկոմիտեի նախագահ, փոխվարչապետ Ալի Հասանովը, հայտնում է Haqqin.az-ը:
Մինչդեռ Ադրբեջանում ՌԴ դեսպան Վլադիմիր Դորոխինն այցելել է գյուղ: «Մենք եկել ենք այստեղ մասնագիտական նպատակներով, տեղեկություն ստանալու համար, թե ինչ է այստեղ կատարում, և մենք, անշուշտ, հասանք մեր նպատակին»,-ասել է դեսպանը:
«Մենք մեկ անգամ ևս տեսանք, թե ինչ բարդ ու ծանր հակամարտություն է այս հակամարտությունը: Ռուսաստանը զբաղվում է դրա խաղաղ կարգավորմամբ և հետագայում ևս պետք է շարունակի դա անել»,-ասել է ՌԴ դեսպանը:






