AM
11 July 2003 - 17:48 AMT

ԱՄՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՊԱԼԱՏԻ ԵՆԹԱԿՈՄԻՏԵՆ ԱՐՏԱՀԱՅՏՎԵԼ Է 2004 ԹՎԱԿԱՆԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻՆ 70 ՄԼՆ ԴՈԼԱՐ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՕԳՏԻՆ

ԱՄՆ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի հատկացումների ենթակոմիտեն նախօրեին քվեարկել է 2004 թվականին Հայաստանին 70 մլն դոլար, իսկ Լեռնային Ղարաբաղին` 5 մլն դոլար գումարի չափով ֆինանսական օգնության տրամադրման օգտին: Ինչպես տեղեկացրել է Ամերիկայի հայ դատի հանձնախումբը, ենթակոմիտեի առաջարկած գումարը 20 միլիոնով գերազանցում է ԱՄՆ նախագահի վարչակազմի առաջարկած գումարը ( 45.9 մլն դոլար) եւ 20 միլիոնով փոքր է 2003 թվականին ԱՄՆ Կոնգրեսի կողմից հավանության արժանացած գումարից: Ի լրումն դրան Ներկայացուցիչների պալատի ենթակոմիտեն քվեարկել է Հայաստանին 2,5 մլն դոլար հատկացնելու օգտին, որպես ռազմական ֆինանսավորում եւ 900 հազար դոլար ռազմական ուսուցման եւ թրենինգի համար: Համաձայն աղբյուրի, Հայաստանին ցույց տրվող ֆինանսական օգնության կրճատումը կապված է ԱՄՆ-ի կողմից նախկին ԽՍՀՄ-ի երկրներին ցույց տրվող օգնության ընդհանուր կրճատման հետ` 755 միլիոնից մինչեւ 576 մլն դոլար: Այժմ ԱՄՆ-ի օտարերկրյա օգնության մասին օրինագիծը քվեարկության կդրվի Ներկայացուցիչների պալատի հատկացումների կոմիտեում, որից հետո` Ներկայացուցիչների պալատում: Վերջում օրինագիծը կներկայացվի ԱՄՆ Սենատի քննարկմանը: