AM
21 Փետրվար 2017 - 12:07 AMT

ԶԼՄ-ներ. Մոսուլում սպանվել է ԻՊ անվտանգության գծով ղեկավարը

Ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման անվտանգության գծով ղեկավարը սպանվել է Մոսուլի օդանավակայանում ավիահարվածի հետևանքով:

Աբու Աբդալլահ անունով գրոհայինը սպանվել է առավոտյան իր 2 օգնականի հետ օդանավակայանի գլխավոր մուտքի մոտ: Օդից ահաբեկիչներին գրոհել է անօդաչու թռչող սարքը, հայտնում է ՏԱՍՍ-ը «Աս Սումարիա» հեռուստաալիքի վրա հղումով:

Միջազգային օդանավակայանը գտնվում է Մոսուլի արևմտյան մասում, որը դեռ վերահսկում են ԻՊ գրոհայինները: Ավելի վաղ երկրի վարչապետ Հեյդար ալ Աբադին հայտարարել էր Արևմտյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին:

Ինչպես հայտնել է աղբյուրը, կառավարական խմբավորման ավիացիան և հրետանին փետրվարի 21-ի լուսաբացից ինտենսիվ հարվածներ են հասցնում ծայրահեղականների պաշտպանական գծին օդանավակայանի մատույցներում: Կան տեղեկություններ, որ գրոհայինները մեծ կորուստներ են կրում: