Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Պանոս Կամենոսը հայտարարել է, որ «թուրքը ոտք չի դնի հունական կղզիներ» և Թուրքիան հակահարված կստանա նոր սադրանքների դեպքում:
Նախարարն այդպես է արձագանքել Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի այն հայտարարությանը, թե «եթե թուրքերը ցանկանային Իմիա բարձրանալ, կանեին դա»:
Թուրքիան վիճարկում է Իմիա երկու ժայռապատ կղզիների պատկանելությունը Հունաստանին, որոնց համար վեճը 1996-ին կարող էր հանգեցնել ռազմական բախման երկու երկրների միջև:
«Նրանք ոտք չեն դնի հունական կղզիներ, մենք դա թույլ չենք տա: Իսկ եթե, այնուամենայնիվ, անեն դա, կտեսնենք, թե ինչպես են այնտեղից փախչելու»,-ասել է Կամենոսը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Կամենոսը նշել է, որ Հունաստանը չի արձագանքում բանավոր մարտահրավերներին, սակայն կառավարությունը չի նահանջի ազգային ինքնիշխանության հարցերում:
Հունաստանի ԱԳՆ-ն Չավուշօղլուի հայտարարության վերաբերյալ ասել է, որ «հնարավոր է, նա չի հասկանում, խնդրի տեխնիկական, իրավական և քաղաքական ասպեկտները, այդ պատճառով էր անձնական բնույթի հայտարարություններ է անում, ինչը չի նպաստում հարաբերությունների բարելավմանը և խորթ է քաղաքական մշակույթին»:
Թուրքիայի և Հունաստանի հարաբերությունները վատթարացան, երբ Հունաստանի Գերագույն դատարանը հրաժարվեց Անկարային արտահանձնել 8 զինծառայողի, որոնք մեղադրվում են 2016-ի հուլիսին պետական հեղաշրջմնան փորձի մեջ:
Մինչդեռ փետրվարի 15-ին ևս 2 թուրք զինծառայող է փախել Հունաստան:






