AM
3 Մարտ 2017 - 06:03 AMT

ՀՀ սուսերամարտիկները մասնակցում են երիտասարդական ԵԱ-ին. Ապրիլին աշխարհի առաջնությունն է

Փետրվարի 28-ին Բուլղարիայում մեկնարկել է սուսերամարտի Եվրոպայի պատանիների և երիտասարդների առաջնությունը: Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արթուր Սեդրակյանը նշել է, որ աղջիկների և տղաների մրցաշարում Հայաստանը ներկայացնում է 5 մարզիկ:

«Հայ սուսերամարտիկները լավ մարզավիճակով են մեկնել: Տեսնենք, թե ինչ արդյունքներ կունենանք:

Մինչ այդ, նախորդ ամիս, մեր պատանիներն Իտալիայում մասնակցել են աշխարհի գավաթի խաղարկությանը, որտեղ Մայքլ Հովհաննիսյանը զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը, որը նորմալ արդյունք է: Վերջին տարիներին հայ սուսերամարիկները 20-րդ տեղին չէին մոտեցել:

2018 թվականի Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի մասնակցության համար նախապատրաստական աշխատանքներ են տարվում: Սակայն, դեռ չգիտենք` կմասնակցենք, թե ոչ»,-ասել է ֆեդերացիայի գործադիր տնօրենը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:

Սեդրակյանը նշել է, որ ապրիլին պատանիներն ու երիտասարդները կմեկնեն աշխարհի առաջնություն, իսկ մեծահասակներին առաջիկայում` մայիսին, սպասվում է Հայաստանի առաջնությունը:

Պատանիների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունը կշարունակվի մինչև մարտի 9-ը: