AM
6 Մարտ 2017 - 06:22 AMT

Մարմնամարզության գլխավոր մարզիչ. Մեր պատանիները կարող են օլիմպիական վարկանիշ նվաճել

Սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը համարում է, որ ազգային հավաքականի առաջատարների թիկունքում տաղանդավոր պատանիներ կան:

«Հաճելիորեն զարմացրին պատանի մարմնամարզիկները: Վերջին տարիներին առաջին անգամ Հայաստանի առաջնությանը մասնակցեց Հրանտ Շահինյանի անվան մարմնամարզության օլիմպիական մանկապատանեկան մարզադպրոցի սան, 2004-ին ծնված Էրիկ Բաղդասարյանը: Տղան հաջող ելույթ ունեցավ մեծերի խմբում և վատ արդյունք ցույց չտվեց:

Իրեն լավ դրսևորեց նաև Ժորա Սմբատյանը»,- ասել է Սերոբյանը:

Նրա խոսքով, այս պատանիները պետք է պայքարեն 2018-ի ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրի համար, ուստի պետք է տեղ զբաղեցնեն Եվրոպայի առաջնության 16 ուժեղագույն մարմնամարզիկի ցանկում: Պատանեկան խաղերին յուրաքանչյուր երկրից մեկական մարզիկ կարող է մասնակցել:

«Տղաների ծրագիրը կբարդացնենք և վտահ եմ, որ կարող ենք վարկանիշ նվաճել», – հավելել է մարզիչը:

Սերոբյանը, ամփոփելով Հայաստանի առաջնության արդյունքները, նաև հայտնել է, որ գոհ է ազգային հավաքականի անդամների մրցելույթներից:

«Մարզիկներից գոհ եմ: Նոր վարժություններ ենք պարապում: Առաջնության ընթացքում նոր տարրեր կատարվեցին, բայց առաջիկայում պետք է դրանք բարդացնենք: Շատ գոհ եմ նժույգի վրա Հարություն Մերդինյանի ցուցադրած վարժությունից, ինչը չէի ասի նախորդ օրվա մասին: Հարությունն իսկական պրոֆեսիոնալ է: Չնայած նախադաստակի վնասվածքին, նա ծրագիրը կատարեց բարձր մակարդակով: Մնում է՝ սառնասրտություն պահպանի միջազգային խոշորագույն մրցաշարերում: Հուսամ` այդպես էլ կլինի:

Օղակների վրա բավականին բարդ ծրագիր կատարեց Վահագն Դավթյանը:

Արթուր Դավթյանը պետք է բարդացնի հենացատկի վարժությունը, ինչը հեշտ չի լինի»,- ասել է Սերոբյանը:

Նա շեշտել է, որ մարմնամարզությունում հիմա մեծ փոփոխություններ են տեղի ունենում:

«Տեսնենք, թե ինչ գնահատականներ կստանան մեր մարզիկները Դոհայում կայանալիք աշխարհի գավաթի փուլում, ինչից հետո կպատրաստվենք Եվրոպայի առաջնությանը», – հավելել է մարզիչը:

Սպորտային մարմնամարզության Հայաստանի կանանց հավաքականի գլխավոր մարզիչ Լիզա Չադրչյանն ակնկալում էր, որ առաջնության մակարդակն ավելի բարձր պետք է լիներ.

«Վերջին օրերին մեր աղջիկներից մի քանիսը վատառողջ էին, նաեւ վնասվածքներ ունեին: Գուցե սա է պատճառը, որ առաջնության մակարդակն սպասվածից ցածր էր:

Մի քանի մարզիկներ մասնակցեցին ինչպես հարկն է, չնայած` կարող էին մի փոքր ավելի լավ: Մոտ օրերս ծրագիր ունենք, կաշխատենք` կվերականգնենք վնասվածքներից: Ամեն ինչ տեղը կընկնի:

Որոշ գործիքների վրա ունենք 14 միավորի հասնող բազա: Ցանկանում ենք մի փոքր բարձրացնել ցուցանիշը, իհարկե եթե սխալներ թույլ չտանք: Սակայն, ավելի լավ է կատարել բազայով եւ չվրիպել: Մարմնամարզությունում մեր աղջիկները զիջում են տղաներին»,-ասել է հավաքականի գլխավոր մարզիչը:

Լիզա Չադրչյանը հայտնել է, որ բազմամարտի Հայաստանի չեմպիոն Աննա Գրիգորյանն ամռանը պատրաստվում է մասնակցել օլիմպիական փառատոնին.

«Աննայի վարժության մեջ նոր տարրեր էինք ավելացրել, բոլորը կատարեց: Նա վատ չաշխատեց: Հույս ունենք, որ կհաջողվի ձեռք բերել պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր:

Առաջիկայում միջազգային մրցաշարեր կան: Պետք է քննարկենք եւ հասկանանք` որին ավելի նպատակահարմար կլինի մասնակցել: 3 աղջիկ պատրաստ են միջազգային ասպարեզ դուրս գալ»,- ասել է Չադրչյանը:

Մարտի 4-ին ավարտվեց սպորտային մարմնամարզության Հայաստանի տղամարդկանց եւ կանանց առաջնությունը: Որոշվեցին առանձին մարզագործիքների վրա հաղթողներն ու մրցանակակիրները:

Ազատ վարժություններ՝ Արթուր Դավթյան (13.333), Արմեն Պետրոսյան (12.466), Ժորա Սմբատյան և Արսեն Գասպարյան (12.366-ական): Նժույգ թափ՝ Հարություն Մերդինյան (14.9), Արթուր Դավթյան (14.033), Վիգեն Խաչատրյան (12.933): Օղակներ՝ Վահագն Դավթյան (15.0), Արթուր Թովմասյան (14.833), Արթուր Դավթյան (14.06): Հենացատկ` Արթուր Դավթյան (14.5), Վիգեն Խաչատրյան (13.75), Արսեն Գասպարյան (12.933): Զուգափայտ՝ Արթուր Դավթյան (13.933), Արմեն Պետրոսյան (13.2), Հովհաննես Հակոբյան (12.6): Պտտաձող՝ Արթուր Դավթյան (13.0), Արմեն Պետրոսյան (12.5), Վիգեն Խաչատրյան (12.4):

Տղամարդկանց առաջնությանը զուգահեռ Հրանտ Շահինյանի անվան մարզադպրոցում ավարտվեց նաև Հայաստանի կանանց առաջնությունը:

Այստեղ առանձին գործիքների վրա չեմպիոն ու մեդալակիր դարձան. Հենացատկ՝ Աննա Գրիգորյան (12.95), Աննա Պետրոսյան (12.0), Ելենա Հայկազունի (11.6): Զուգափայտ՝ Աննա Գրիգորյան (9.6), Ելենա Հայկազունի (9.3), Ինեսսա Ջաղինյան (9.0): Հավասարակշռության գերան` Գայանե Սիրականյան (12.1), Աննա Գրիգորյան (12.0), Ելենա Հայկազունի (11.3): Ազատ վարժություններ՝ Շուշան Բաբայան (13.0), Ելենա Հայկազունի (12.1), Անի Եղիկյան (12.0): Բոլոր մարզիկները, բացի գյումրեցի Անի Եղիկյանից, ներկայացնում էին Երեւանը: