ԱՄՆ-ի և Ճապոնիայի առաջարկով մարտի 8-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փակ նիստ կհրավիրվի, որտեղ կքննարկվի Հյուսիսային Կորեայի հրթիռային փորձարկումները: Այս մասին հայտարարել է համաշխարհային կազմակերպությունում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը, հաղորդում է ՏԱՍՍ գործակալությունը:
Հյուսիսային Կորեան մարտի 6-ին անհայտ տիպի հրթիռներ էր արձակել Ճապոնական ծով: Չորս հրթիռի բարձրությունը նախքան ծով ընկնելը հասել էր 260 կիլոմետրի: Հս. Կորեան հայտնել էր, թե դա Ճապոնիայում ԱՄՆ բազաներին հարվածելուն ուղղված փորձարկումների մի մասն է կազմել:
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևն արգելում է Հյուսիսային Կորեային ցանկացած գործողություն կապված միջուկային զենքի և դրա միջոցների փոխադրման հետ: Փհենյանն այդ փաստաթղթերը չի ընդունում՝ պնդելով, որ երկիրն իրավունք ունի ամրապնդել պաշտպանությունը Վաշինգոտնի ներկայիս թշնամական քաղաքականության ֆոնին:
Փհենյանի գործողությունները դատապատել են մի շարք արևմտյան երկրներ, նաև՝ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն:






