Երևանում ընթացող սուսերամարտի մինչև 20 տարեկան երիտասարդների Հայաստանի առաջնության ավարտից հետո վերջնականապես կորոշվի հավաքականի կազմը, որը կմասնակցի Պլովդիվում կայանալիք աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտնեց սուսերամարտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Արտաշես Մադոյանը:
«Աշխարհի ու Եվրոպայի առաջնությունները կկայանան Պլովդիվում:
Ապրիլի 1-4-ը խոցասուսեր զենքաձևում հանդես կգան մինչև 17 տարեկան պատանիները` Արմեն Դալլաքյանը և Անահիտ Ալոյանը: Ապրիլի 5-8-ը երիտասարդները` Էդուարդ Հովակիմյան, Էմմա Պողոսովա (երկուսն էլ խոցասուսեր), Մայքլ Հովհաննիսյան (ճկասուսեր):
Երիտասարդների հավաքականի վերջնական կազմը պարզ կլինի Հայաստանի առաջնությունից հետո: Հնարավոր է մեկ մարզիկ ևս ավելանա»,- ասել է Մադոյանը, մեջբերում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Նրա կարծիքով մարտի 1-9-ը Պլովդիվում կայացած Եվրոպայի առաջնությունում այս տարիքային խմբերի անհաջող ելույթը պայմանավորված էր նախապատրաստական ընթացքի հետ:
2018 թվականի գարնանն ընթացալիք աշխարհի ու Եվրոպայի առաջնություններում կխաղարկվեն ամառային պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգրեր:
Մեծահասակների Հայաստանի առաջնությունն ամենայն հավանականությամբ կանցկացվի մայիսին:
Ապրիլի 21-26-ը Մինսկում կկայանա մինչև 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունը, որին կմասնակցեն Էդուարդ Հովակիմյանը, Մայքլ Հովհաննիսյանը և Էմմա Պողոսովան:
Հաջորդ տարի այդ մրցաշարը կանցկացվի Երևանում:






