AM
18 Մարտ 2017 - 09:41 AMT

Թուրքիայում ևս 202 դատավոր ու դատախազ է պաշտոնանկ արվել

Թուրքիայում ահաբեկչական կառույց համարվող «Գյուլենական համայնքի» դեմ տարվող հետաքննության շրջանակներում պաշտոնանկ է արվել 202 դատավոր և դատախազ:

2016թ. հուլիսի 15-ի ձախողված հեղաշրջումից հետո ընդհանուր առմամբ, հետաքննություն է հարուցվել 4.176 դատավորի և դատախազի դեմ, որոնցից 3.886-ը արդեն հեռացվել են աշխատանքից: Մյուսների վերաբերյալ հետաքննությունները դեռևս ընթացքի մեջ են:

Թուրքիայի դատավորների և դատախազների գերագույն խորհրդի փոխնախագահ Մեհմեթ Յըլմազը տեղեկացրել է, որ պաշտոնանկության վճիռները կայացվել են օրենքի ուժ ունեցող որոշումների շրջանակներում: Նա նշել է, որ ապացուցվել է աշխատանքից հեռացված դատավորների ու դատախազների կապը «Գյուլենական համայնքի» հետ, գրում է Ermenihaber.am-ը:

Պաշտոնական տվյալների համաձայն՝ հեղաշրջման փորձից հետո Թուրքիայում, ընդհանուր առմամբ, բանտարկվել է 43.000 քաղաքացի, աշխատանքից հեռացվել՝ 100.000 պետական պաշտոնյա, որոնք մեղադրվում են գյուլենականների հետ կապ ունենալու մեջ: