AM
21 Մարտ 2017 - 08:37 AMT

Ռուսական գյուղի բնակիչները բողոքում են Պուտինին հաց բաժանող հայաստանցուց. «Քիչ է տալիս»

ՌԴ Ստրունինո քաղաքում մթերայիյն խանութի սեփականատեր, հայ գործարար Մամուդ Շավերշյանն անվաճր հաց է բաժանում աղքատներին: Հաց ստացողներն արդեն փորձել են բողոք ներկայացնել նրա դեմ դատախազություն, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարչակազմ, նրան սև են անվանում և խոստանում բանտ նստեցնել:

Բողոքների պատճառն այն է, որ գյուղի բնակիչները համոզված են, որ գործարարը հացը սեփական նախաձեռնությամբ չի բաժանում, այլ նախագահի հրամանով՝ և ավելի քիչ է տալիս, քան իրենց պատկանում է, գրում է «Կոմերսանտը»:

«Ո՞վ է մեզ հաց տալիս: Պուտինն, էլ ո՞վ: Նախագահը կարգադրել է, որ չունեվորներին, կենսաթոշակառուներին և հաշմանդամներին օգնություն ցույց տան: Ահա և ցուցաբերում են: Սակայն այդ առևտրականները խորամանկ են՝ եկել-լցվել են Ռուսաստան և մեր հաշվին են ապրում»,-ասում է հաց ստացողներից մեկը՝ նա համոզված է, որ իրեն ոչ թե մեկ ու կես հաց է հասնում, այլ ևս մեկ ամբողջական բատոն:

Արդեն գրեթե 8 տարի է, ինչ «Էրիկ» խանութն օգնում է կարիքավորներին՝ 10-ական «հացի կտրոն» տալով յուրաքանչյուրին մեկ ամսվա համար, սակայն մինչ օրս քաղաքացիները չեն հասկանում, թե ով և ինչու է դա անում: Վարկածները տարբեր են՝ ոմանք, ինչպես վերոնշյալ գնորդը, վստահ է, որ Պուտինն է այդպես կարգադրել, ոմանք կարծում են, որ քաղաքապետը, ոմանք էլ շնորհակալական նամակներ են գրում նահանգապետին: Ոչ բոլորը գիտեն, որ գրեթե 2000 հատ բատոն և մոտ 1000 հատ սև հաց բաժանողը խանութի սեփականատեր Շավերշյանն է, որն անում է դա սեփական նախաձեռնությամբ:

Խանութի սեփականատերը նաև թխվածքաբլիթ է հատկացնում մանկապարտեզին, հաց՝ եկեղեցուն, արդեն տարիներ շարունակ օգնում է Հայաստանում գտնվող այն դպրոցին, որտեղ ինքը սովորել է: Ընկերները կարծում են, որ նա անում է դա պապի հիշատակին, մրցակիցները շշուկներ են տարածում, թե նա իր մեղքերն է այդպես քավում, ինչ-որ մեկը կասկածում է, որ Շավերշյանին ստիպում են դա անել իշխանությունները: Ինչևէ՝, Ստրունինոյի գրեթե 200 բնակիչ կարող է չմտահագովել հանապազօրյա հացի համար:

«Իշխանությունները չգիտեն իմ նախաձեռնության մասին: Ոչ մի շնորհակալագիր չեմ ստացել, չեմ էլ ուզում: Ես ուղղակի ուզում եմ, որ կողքիս ապրող մարդիկ քիչ թե շատ կուշտ լինեն»,-ասում է գործարարը:

Շավերշյանը Ռուսաստան է տեղափոխվել Հայաստանից 25 տարի առաջ: Սկզբից որպես ինժեներ էր աշխատում, հետո բիզնեսով սկսեց զբաղվել: Երբ խանութ բացեց, տեսավ, թե ինչպես են թոշակառու կանայք կոպեկները հաշվում դրամարկղի մոտ և մտածեց հացի կտրոններ տպել ու անվճար հաց տալ նրանց: Հաշվարկեց, որ 2 օրվա համար մեկ տատիկին մեկ բատոն ու կես հացը բավական կլինի և հայտարարություն գրեց: Սկզբից կտրոնները միայն թոշակառուներին էին տրվում, հետո սկսեցին դիմել հաշմանդամներ, բազմազավակներ: Հիմա արդեն հարևան գյուղերից են գալիս: