Դամասկոսը կողմ է Մոսկվայի տարբեր առաջարկներին սիրիական կարգավորման վերաբերյալ, այդ թվում սահմանադրությանն առնչվող: Այդ մասին հայտարարել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադը ռուս լրագրողներին տված հարցազրույցում:
Ասադն ասել է, որ ՄԱԿ-ում Սիրիայի մշտական ներկայացուցիչ Բաշար Ջաֆարին հայտարարել է, որ Սիրիան ընդհանուր առմամբ կողմ է ռուսական առաջարկներին: «Հիմա ռուսական կողմի հետ քննարկում ենք մանրամասները» ,-ասել է Ասադը, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Խնդիրն այն է, որ երբ մեր պատվիրակությունը մասնակցում էր Աստանայում սիրիական կարգավորման շուրջ բանակցություններին, զինյալ ընդդիմությունը ներկայացված չէր: Մեր կարծիքով, այս հարցում իր բացասական դերն է ունեցել Թուրքիան: Այնպես որ, կոնկրետ բան դեռ չենք կարող սկսել, քանի որ չունենք բանակցային գործընկեր: Այո, մենք պատրաստ ենք ցանկացած հարց քննարկել, այդ թվում սահմանադրությունը, բայց պետք է իմանանք, թե ով է լինելու Ժնևում, արդյոք նրանք նույն փաստաթուղթն են քննարկելու: Բայց մեր դիրքորոշումը որպես կառավարության հստակ է՝ մենք պատրաստ ենք քննարկել և ընդհանուր առմամբ կողմ ենք գաղափարին» ,-ասել է Ասադը:
Ավելի վաղ Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հայտարարել էր, որ Ռուսաստանը միակ լուրջ ուժն է, որն արդյունավետ պայքարում է ահաբեկչական «Իսլամական պետության» (ԻՊ) դեմ: «Միակ լուրջ կողմն այդ առումով Ռուսաստանն է, որն արդյունավետ է պայքարում ԻՊ դեմ՝ Սիրիայի հետ համագործակցելով»,-ասել է Ասադը:






