AM
21 Մարտ 2017 - 07:22 AMT

Աթենքում ԵՄ պաշտոնյաներին հասեցագրված կասկածելի ծանրոցներ են հայտնաբերել

Հունաստանի ոստիկանությունն Աթենքի փոստում 8 ծանրոց է հայտնաբերել, որոնց մեջ կարող է պայթուցիկ լինել: Ինչպես ասել է ոստիկանության ներկայացուցիչը, ծանրոցները հասցեագրված էին եվրոպական երկրների պաշտոնյաների:

Ըստ ոստիկանության, ծանրոցներում պայթուցիկ մեխանիզմ է հայտնաբերվել, որը նման էր Հունաստանից ստացված այն ծանրոցի մեխանիզմին, որը մարտի 16-ին պայթել էր Փարիզում ԱՄՀ աշխատակցուհու ձեռքում: Պայթյունի հետևանքով կինը ձեռքերի և դեմքի թեթև վնասվածքներ է ստացել, գրում է Deutsche Welle-ն AFP-ի վրա հղումով:

Մարտի 15-ին պայթուցիկ նյութով ծանրոց էր հայտնաբերվել Բեռլինում՝ ԳՀԴ ֆինանսների նախարարությունում: Ոչ ոք չի տուժել: Ենթադրվում է, որ պայթուցիկով ծանրոցները Փարիզ և Բեռլին ուղարկել է հունական ծայրահեղ ձախակողմյան «Հրե օղակների դավադրություն» կազմակերպությունը, որը ստեղծվել է 2008-ին: Նրա անդամներին մեղադրում են բազմաթիվ հրկիզումների և պայթյունների մեջ:

Միջադեպերը տեղի են ունեցել վարկատուների հետ Հունաստանի բանակցությունների վերսկսման շեմին: Այժմ տարաձայնություններ կան Հունաստանին 86 մլրդ եվրոյի հատկացման հարցում՝ ֆինանսական օգնության 3-րդ փաթեթի շրջանակում, որը տրամադրվել էր Աթենքին 2015-ին: