AM
21 Մարտ 2017 - 09:05 AMT

Թրամփ. ԱՄՆ զորքերը չպետք է հեռանային Իրաքից 2011-ին

ԱՄՆ զորքերը չպետք է հեռանային Իրաքից 2011-ին: Այդ մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրաքի վարչապետ Հեյդար ալ Աբադիի հետ հանդիպմանը, որը տեղի է ունեցել Սպիտակ տանը:

ԱՄՆ նախագահը բարձր է գնահատել երկրի գործող իշխանությունների ջանքերն «Իսլամական պետության» դեմ պայքարում: «Իհարկե, մենք չպետք է հեռանայինք: Չարժեր դա անել: Վակուում առաջացավ…Ես գիտեմ, որ դուք բազում ջանքեր եք գործադրում: Ինձ ասել են, որ դուք լավ եք կատարում ձեր աշխատանքը: Դա հեշտ չէ, դա ծանր աշխատանք է: Ձեր զինվորները ծանր մարտեր են վարում»,-ասել է Թրամփը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Թրամփը հավելել է, որ մտադիր է ձերբազատվել ԻՊ-ից: Ըստ նրա, շատ բան է փոխվել վերջին 5-6 շաբաթում:

Իրաքի վարչապետն իր հերթին պատմել է, թե ինչպես են իր երկրի զինվորականները օգնում փախստականներին հակամարտության գոտում: Նա շնորհակալություն է հայտնել Թրամփին Իրաքն այն երկրների ցանկից հանելու համար, որոնց քաղաքացիներին ժամանակավորապես արգելվել է մուտքն ԱՄՆ: