Սինգապուրի ազգային համալսարանի գիտնականները մի համակարգ են ստեղծել, որը թույլ է տալիս փոխանցել լիմոնադի համը լեզվի էլեկտրախթանման միջոցով: Հեղինակները իրենց զեկույցը ներկայացրել են Յոկոգամայում TEI 2017 կոնֆերանսում:
Համացանցի միջոցով համի և հոտի փոխանցումը կամ այդ բնութագրերի վերարտադրումը բարդ խնդիր է: Այսօրվա դրությամբ այդ խնդիրը պատրաստի լուծում չունի, դեռևս տեխնոլոգիաները թույլ չեն տալիս օպերատիվ կերպով ընդունող կողմում ցանկացած նյութ վերարտադրել, և խնդիրը, որպես կանոն, լուծելի է որոշ մասնավոր դեպքերի համար: Օրինակ, երբ օգտագործվում է բույրերի սահմանափակ քանակ, որոնք կարող է վերարտադրել ընդունող կողմը, գրում է N+1-ը New Scientist-ի վրա հղումով:
Գիտնականները որոշել են ցույց տալ համակարգը, որը կարող է լիմոնադի համը փոխանցել համացանցով: Փոխանցող կողմն օգտագործում է իսկական լիմոնադ, որի մեջ ընկղմվում է pH-տվիչը ըմպելիքի թթվայնությունը որոշելու համար: Օգտագործվում է նաև գույնի տվիչ, որը պատասխանատու է ըմպելիքի գույնը փոխանցելու համար: Ընդունող կողմում կիրառվում է հատուկ բաժակ RGB-գունավորմամբ և էլեկտրոդներով, ուր սովորական ջուր է լցվում: Համտեսելիս ընդունողը պետք է լեզվով դիպչի էլեկտրոդներին, որոնք թույլ էլեկտրական իմպուլսների միջոցով կվերարտադրեն բերանում օրիգինալ ըմպելիքի թթվաշ համը:
Փորձարկմանը 13 կամավոր է մասնակցել: Պարզվել է, որ նրանք հիմնականում ճիշտ են տարբերակել իսկական լիմոնադը, որը ավելի թթվաշ էր, քան վիրտուալը: Հեղինակները նշում են, որ առանց հոտառության խթանման համի ու հոտի համադրության լիարժեք փոխանցում հնարավոր չէ, ուստի ապագայում նախատեսվում է համակարգը զարգացնել այդ ուղղությամբ:






