Ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան), նոր համաշխարհային ռեկորդ սահմանելով կարճ և ազատ ծրագրերում, Հելսինկիում անցկացվող աշխարհի առաջնության չեմպիոն է դարձել։
17-ամյա Մեդվեդևան 233.41 միավոր է ստացել՝ գերազանցելով 2017-ի հունվարին Չեխիայում Եվրոպայի առաջնության ժամանակ սահմանած իր իսկ ռեկորդը (229,71 միավոր):
Արծաթ և բրոնզ են նվաճել կանադացիներ Քեյթլին Օսմոնդը (218.13) և Գաբրիելե Դեյլմանը (213.52) համապատասխանաբար:
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վաստակել է 98.27 միավոր (23-րդ արդյունք, 24 մասնակիցների մեջ): Կարճ և ազատ ծրագրերի արդյունքով ՀՀ մարզուհին 153.47 միավորով զբաղեցրել է նախավերջին տեղը:
Ավելի վաղ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակիչ չէին մտել:






