Նախնական տվյալների համաձայն 3 հայ է համալրել Գլենդեյլի քաղաքային խորհրդի կազմը
Ըստ Glendale News Press-ի, ընտրվել են Վրեժ Աղաջանյանը, Արա Ջեյմս Նաջարյանն ու Զարե Սինանյանը։ Ընտրությունների վերջնական արդյունքները կհրապարակվեն ապրիլի 21-ին, հայտնում է Sputnik Արմենիան։
Ընդհանուր առմամբ, թափուր տեղերի համար պայքարում է 10 թեկնածու, այդ թվում չորս հայ՝ վերը նշվածներն ու Օնիկ Մեհրաբյանը։
Աղաջանյանը մասնագիտությամբ ինժեներ է։ Նա հայտնի է հայկական արբանյակային հեռուստաալիքի իր քաղաքական թոկ-շոուներով։ Աղաջանյանը քաղաքային խորհրդի շարքերը համալրելու պարագայում մտադիր է ապահովել խորհրդի աշխատանքի թափանցիկությունն ու աջակցել փոքր բիզնեսին։
Գլենդեյլի նախկին քաղաքապետ Արա Նաջարյանը խոստանում է զարգացնել քաղաքի կենտրոնն ու ընդլայնել հասարակական տրանսպորտը։ Զարե Սինանյանի համար սա երկրորդ ժամկետն է լինելու քաղաքային խորհրդի անդամի պաշտոնում։ Նախկինում նա զբաղեցնում էր քաղաքապետի պաշտոնը, իսկ այժմ շեշտը դնում է քաղաքի կենտրոնում բազմաֆունկցիոնալ համալիրում նախատեսվող ոչ թանկ բնակարաններ տրամադրելու վրա։
Գլենդեյլը համարվում է ԱՄՆ-ի ամենամեծ հայ համայնքը ունեցող քաղաքը, որի բնակչության 50%-ը հայեր են։






