AM
8 Ապրիլ 2017 - 07:11 AMT

ԱՄՆ Կոնգրեսում առաջարկել են Սիրիայի գծով «հիբրիդային տրիբունալ» ստեղծել

Մի խումբ սենատորներ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի քննարկման են ներկայացրել «Սիրիայում ռազմական հանցագործությունների և մարդկայնության դեմ հանցագործությունների» հետաքննության այսպես կոչված «հիբրիդային տրիբունալ» ստեղծելու առաջարկը: Առաջարկի հեղինակները երկու կուսակցությունների անդամներ են, այդ թվում հանրապետական Բոբք Քոքերը, դեմոկրատ Բեն Քարդինը և նախագահական ընտրարշավի մասնակից Մարկո Ռուբիոն:

Ըստ նախաձեռնության, եթե օրինագիծն ուժի մեջ մտնի, ԱՄՆ պետքարտուղար Թիլերսոնը ոչ ուշ, քան դրանից 180 օրվա ընթացքում պետք է քննարկի Սիրիայում անցումային շրջանի համար անհրաժեշտ արդարադատության պոտենցիալ մեխանիզմների նպատակահարմարությունը, այդ թվում հիբրիդային տրիբունալի ստեղծումը, հայտնում է ՏԱՍՍ-ը:

Ենթադրվում է, որ տրիբունալին կանդամակցեն սիրիացի և օտարերկյա իրավաբաններ, դատավարոներ և այլ պրոֆեսիոնալներ, որոնց խնդիրը կլինի «օրինագծում նկարագրված հանցագործությունների կատարման մեջ կասկածվող անձանց դատական հետապնդումը»:

Նախագահի ստորագրմանը ներկայացվելու համար փաստաթուղթը պետք է ընդունվի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատում:

Ապրիլի լույս 7-ի գիշերը ԱՄՆ-ն 59 թևավոր հրթիռ է արձակել Հոմսի տարածաշրջանում տեղակայված սիրիական կառավարական ուժերի ռազմաբազային: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ԱՄՆ հարվածները Սիրիայի տարածքին ագրեսիա է համարել ինքնիշխան պետության դեմ և միջազգային իրավունքի նորմերի խախտում մտացածին պատրվակով:ՌԴ ՊՆ-ն ապրիլի 8-ից դադարեցրել է ԱՄՆ պաշտպանության նախարարության հետ կապի թեժ գծի աշխատանքը:

2017-ի ապրիլի 4-ին քիմիական հարձակում է տեղի ունեցել սիրիական Իդլիբ նահանգի Հան Շայխուն քաղաքում, որը գտնվում է ընդդիմադիր ուժերի տիրապետության տակ: Քիմիական հարձակման հետևանքով զոհվել և վիրավորվել են տասնյակ խաղաղ բնակիչներ, այդ թվում երեխաներ և մարդասիրական օգնության աշխատակիցներ: Տեղի բնակիչների պնդմամբ՝ հարձակումն իրականացվել է Սիրիայի կառավարական ուժերի ռազմական օդանավերից մեկով: