Ստոկհոլմի կենտրոնում ապրիլի 7-ին ամբոխի մեջ մխրճված բեռնատարում պայթուցիկով պայուսակ է եղել: Այդ մասին ապրիլի 8-ին հայտնել է տեղական SVT հեռուստաալիքը ոստիկանությունում աղբյուրի վրա հղումով:
Միևնույն ժամանակ իրավապահ մարմինները հրաժարվել են պաշտոնապես հաստատել կամ հերքել այդ տեղեկությունը: Գործակալությունը նաև հայտնում է, որ Ստոկհոլմի ոստիկանության ներկայացուցիչ Լարս Բիստրոնը հայտարարել է, որ ձերբակալվածը, հավանաբար, բեռնատարի վարորդն է, գրում է Lenta.ru-ն:
Տղամարդը կալանքի տակ էր առնվել Ստոկհոլմի հյուսիսային արվարձաններից մեկում, նա ուզբեկական անձնագիր ունի: Ըստ ԶԼՄ-ների, 39-ամյա կասկածյալն աշխատում է շինարարական ոլորտում, նա 4 երեխա ունի: Ավելի ուշ հայտնի դարձավ, որ ձերբակալվել է նաև երկրորդ կասկածյալը:
Ապրիլի 7-ին Ստոկհոլմում բեռնատարը Ahlens Mall կենտրոնի հարևանությամբ մխրճվել է ամբոխի մեջ: Ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել միջադեպի մասին տեղական ժամանակով 14:53-ին: Շվեդիայի վարչապետը ապրիլի 7-ին տեղի ունեցածը որակել է ահաբեկչական ակտ: Հարձակման զոհ է դարձել չորս մարդ, ավելի քան 10 մարդ տուժել է:






