Բուլղարիայի Պլովդիվ քաղաքում ավարտվում է սուսերամարտի երիտասարդների աշխարհի առաջնությունը: Տղաների պայքարում Հայաստանը ներկայացրել են Մայքլ Հովհաննիսյանը (ճկասուսեր), Էդուարդ Օվիկյանը եւ Ռազմիկ Վարդանյանը (երկուսն էլ` խոցասուսեր):
Հովհաննիսյանը խմբային փուլն անցել է չորս հաղթանակով: Հաջորդ փուլում Հովհաննիսյանը հաղթահարել է ուկրաինացի մարզիկի արգելքը, ապա պարտվել ամերիկացի մրցակցին եւ դուրս մնացել հետագա պայքարից: Նա զբաղեցրել է 49-րդ տեղը:
Օվիկյանը եւս չորս հաղթանակով անցել է հաջորդ փուլ, սակայն պարտվել է լավագույն 32-ի համար պայքարում: Նա գրավել է 47-րդ տեղը: Վարդանյանը խոցասուսեր զենքաձեւի խմբային փուլում դուրս մնաց հետագա պայքարից:
Սուսերամարտի աշխարհի երիտասարդական առաջնությանըՀայաստանը ներկայացնող Էմմա Պողոսովան գրավել է 5-րդ տեղը: Անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հայ սուսերամարտիկը տեղ է զբաղեցնում աշխարհի երիտասարդ ուժեղագույն խոցասուսերակիրների լավագույն ութնյակում:






