AM
14 Ապրիլ 2017 - 13:43 AMT

ՀԿԺՀ-ն կանխարգելիչ հարված կհասցնի ԱՄՆ օբյեկտներին նոր սադրանքների դեպքում

ՀԿԺՀ-ն կանխարգելիչ հարված կհասցնի ԱՄՆ օբյեկտներին, եթե Վաշինգտոնը նոր սադրանքների գնա: Այդ մասին հայտարարել է այդ երկրի Գլխավոր շտաբը, հայտնում է ՌԲԿ-ն Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրային գործակալության վրա հղումով:

Կանխարգելիչ հարվածի պատճառ կարող են լինել ԱՄՆ կամ նրա դաշնակիցների «քաղաքական, տնտեսական կամ ռազմական սադրանքները»: Սակայն, Փհենյանը չի հստակեցնում, թե ինչը կարող է սադրանք համարվել:

ՀԿԺՀ զինվորականները նշում են, որ ԱՄՆ-ն ընտրել է պատժամիջոցների և ուժային ճնշման տարբերակը Փհենյանի հետ հարաբերություններում: Մասնավորապես, հիշատակվում են Հարավային Կորեայում ԱՄՆ-ն մարտավարական միջուկային զենքի տեղակայման սպառնալիքն ու ՀԿԺՀ առաջնորդ Կիմ Չեն Ինին վերացնելու պլանները, որոնց մասին ապրիլի 8-ին հայտարարել էր NBC հեռուստաալիքը:

Գլխավոր շտաբը նշել է հնարավոր կանխարգելիչ հարվածի առաջնային թիրախները՝ ԱՄՆ ռազմակայնները Ճապոնիայում, Հարավային Կորեյաում և նախագահի նստավայրը Սեուլում: «Չարիքի օջախը կոչնչացվի մի քանի րոպեում»,-ասվում է հաղորդագրության մեջ: Փհենյանը սպառնացել է ոչնչացնել նաև ԱՄՆ ՌԾՈւ ավիակիրը:

Ավելի վաղ ապրիլի 14-ին NBC հեռուստաալիքը հայտարարեց ԱՄՆ հետախուզությունում աղբյուրի վրա հղումով, որ Վաշինգտոնը պատրաստ է հարվածել Հյուսիսային Կորեային, եթե վերջինս հերթական միջուկային փորձարկումն անի: Ըստ հետախուզության տվյալների, փորձարկումը կարող է տեղի ունենալ արդեն առաջիկա հանգստյան օրերին: Հայտարարվեց, որ թևավոր հրթիռներով ռազմանավերը գտնվում են միջուկային փորձարկման վայրից 500 կմ հեռավորության վրա:

Ապրիլի 9-ին հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն հարվածային ավիակիր է ուղարկել Կորեայի թերակղզու ափերի մոտ: