AM
15 Ապրիլ 2017 - 08:32 AMT

Բեռլինի ահաբեկիչը հրահանգները ստացել է անմիջապես ԻՊ անդամից

Թունիսցի Անիս Ամրին, որը ահաբեկչական գործողություն էր իրականացրել Բեռլինում 2016-ի դեկտեմբերին, հրահանգներ է ստացել անմիջապես «Իսլամական պետության» անդամ Աբու Բարահ ալ Իրաքիից:

Ալ Իրաքին զբաղվում է գրոհայինների գործողությունների կազմակերպմամբ արտերկրում և հայտնի է գերմանական հատուկ ծառայություններին նաև այլ ահաբեկիչների գործերով, որոնք Գերմանիա են եկել արտերկրից որպես փախստականներ, գրում է Deutsche Welle-ն Der Spiegel-ի վրա հղումով:

Պարբերականը գրում է, որ Գերմանիայի իշխանությունները համապատասխան տեղեկատվություն են ստացել Արաբական Միացյալ Էմիրությունների իրավապահ մարմիններից դեռ հունվարի 8-ին և այժմ ստուգում են այն:

2016-ի դեկտեմբերի 19-ի երեկոյան Անիս Ամրիի վարած բեռնատար մեքենան մխրճվել է մարդկանց ամբոխի մեջ Բեռլինում Սբ Ծննդյան տոնավաճառում: Ոստիկանությունը հաստատել է, որ բեռնատարը միտումնավոր է թիրախավորել Breitscheidplatz-ում հավաքված մարդկանց: Բեռնատարի խցիկում 2 մարդ է եղել. մեկը զոհվել է, մյուսին հաջողվել է փախչել:

Անիս Ամրին նաև փորձել է ստիպել զարմիկին սպանել հորեղբորը` ապացուցելու համար իր հավատարմությունն ահաբեկչական «Իսլամական պետությանը»: