AM
17 Ապրիլ 2017 - 10:35 AMT

Հեմինգուեյի սիրային նամակը Մառլեն Դիտրիխին աճուրդի է հանվել

Հայտնի ամերիկացի գրող Էռնեստ Հեմինգուեյի նամակը դերասանուհի Մառլեն Դիտրիխին, որտեղ նա սիրո խոստովանություն է անում, հանվել է աճուրդի:

Լոտը գնահատվում է 30.000 դոլար և աճուրդի կհանվի Նյու Յորքի Swann պատկերասրահում մայիսի 4-ին, գրում է BBC-ին:

Հեմինգուեյը նամակն ուղարկել է 1952-ի օգոստոսին Կուբայից, որտեղ ապրում էր այն ժամանակ:

Հեմինգույեն ու Դիտրիխը ծանոթացել են 1934-ին և կանոնավոր նամակագրություն են ունեցել: Ընդ որում գրողն ու դերասանուհին սիրային հարաբերություններ չեն ունեցել: Նամակում Հեմինգուեյը դա բացատրում է նրանով, որ իրենք «ոչ միաժամանակյա կրքի զոհ են դարձել»:

Այնուամենայնիվ, ուղերձում նա բազմիցս է սեր խոստովանում Դիտրիխին: Մասնավորապես, նա գրել է. «Իմացիր, որ ես միշտ սիրում եմ քեզ: Երբեմն ես մոռանում եմ քո մասին, ինչպես մոռանում ես, որ սիրտդ բաբախում է, բայց այն միշտ է բաբախում»: Նամակը մակագրված է. «Սիրով, պարոն Հայրիկ»:

Հոլիվուդյան աստղի և նոբելյան մրցանակակրի նամակները մասնակիորեն պահվում են արխիվներում, իսկ մի մասը ժառանգների մոտ է: Դիտրիխի թոռները վերջին տարիներին արդեն աճուրդի հանել են գրողից նրա ստացած նամակներից մի քանիսը: