Բասկետբոլի տղամարդկանց Հայաստանի Մ 20 տարեկանների հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Վիգեն Էսկիջյանը Հայաստանում է: Լիբանանահայ մարզիչը ուսումնասիրում է Հայաստանի բասկետբոլը:
«Յուրաքանչյուր խաղ ինձ համար կռիվ է եւ պետք է առանձնահատուկ մոտենալ: Խաղադաշտում ամեն վայրկյանը պայքար է լինելու մեզ համար: Հենց այս` պայքարի եւ նվիրումի կարգախոսով ենք մոտենալու ամեն խաղի: Կարծում եմ, այդ դեպքում արդյունքը չի ուշանա», – ասել է Էսկիջյանը, տեղեկացնում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեն:
Նա հավելել է. «Պատասխանատու աշխատանք է: Մ 20 տարեկանների հավաքականն ամենակարեւոր թիմերից է: Հենց այստեղից են բասկետբոլիստները տեղափոխվում գլխավոր թիմ:Մինչ այդ հավաքականի խաղերին հետեւել եմ: Սփյուռքում մենք հետեւում ենք Հայաստանի բոլոր մարզական իրադարձություններին: Ուզում եմ` աշխարհում Հայաստանը ճանաչվի նաեւ որպես բասկետբոլի երկիր:
Անշուշտ, խնդիրներ կան, եւ աշխատելու շատ տեղ ունենք: Մեր տղաների մեծ մասն ուսանողներ են, ամռանը դասընթացներ են ունենում, եւ դժվարություններ են առաջանում թիմով հավաքվելու համար: Ընտանիքից հեռու մնալ, ստանալ ծնողների համաձայնությունը, սրանք եւս որոշակի դժվարություններ են: Սակայն, բասկետբոլիստները սիրով են համաձայնել խաղալ հավաքականի կազմում: Կամքը կա»:
Նրա խոսքով, հունիսի կեսին կհավաքվեն Հայաստանում և կսկսեն մարզվել.
«Կփորձենք ստուգողական հանդիպումներ ունենալ: Նախատեսում ենք ընկերական մրցաշար անցկացնել 3-4 թիմի մասնակցությամբ: Աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ: Նոր խաղացողներ ունենք: Մեր թիմը տարիքային սահմանափակում ունի, ըստ այդմ փոփոխություններ ունենք»:
2017-ին Մ 20 տարեկանների հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության B դիվիզիոնում:
Վիգեն Էսկիջյանը ծնվել է 1972-ի հուլիսի 12-ին Լիբանանում: Աշխատել է Լիբանանյան մի շարք ակումբներում, այդ թվում «Անդրանիկ», «Սաժես», «Հոմենթմեն» «Գազիր» և այլն:






