AM
18 Ապրիլ 2017 - 09:17 AMT

HRW. ԱՄՆ-ն անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկել Սիրիայում քաղաքացիական զոհերից խուսափելու համար

ԱՄՆ զինված ուժերն անհրաժեշտ նախազգուշական միջոցներ չեն ձեռնարկել խուսափելու համար զոհերից Սիրիայում խաղաղ բնակչության շրջանում: Այդ մասին հայտնում է իրավապաշտպան Human Rights Watch-ը (HRW):

Հարձակումն իրականացվել է Հալեպ գավառում մարտի 16-ին, որի հետևանքով առնվազն 38 մարդ է զոհվել:

16-էջանոց զեկույցում նշվում է, որ ԱՄՆ-ն չի կարողացել պարզել, որ ընտրված թիրախը մզկիթ է և հաշվի չի առել, որ շուտով պետք է աղոթքը սկսվեր, գրում է Lenta.ru-ն:

Իրավապաշտպանները նաև նշել են, որ ապացույցներ չկան, որ հարձակման ժամանակ մզկիթում որևէ ահաբեկչական խմբավորման անդամներ են եղել:

Կազմակերպության ներկայացուցիչ Օլե Սոլվանգը նշել է, որ ԱՄՆ իշխանությունները պետք է պարզեն, թե «ինչն այնպես չգնաց, պետք է նախնական աշխատանք կատարեն գրոհից առաջ և ջանքեր գործադրեն, որպեսզի այդպիսի բան այլևս չկրկնվի»:

ԱՄՆ իշխանությունները խոստացել են հետաքննել պատահարի հանգամանքները: Մասնավորապես, պարզվել՝ եղել են արդյոք զոհեր խաղաղ բնակչության շրջանում և արդյոք ռմբակոծված շենքը մզկիթ է եղել, ինչպես ասվում է զեկույցում: