«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները իպրիտ են կիրառել Իրաքում ԱՄՆ և Ավստրալիայի զինվորական տեսուչների դեմ: Այդ մասին հայտնել է CBS հեռուստաալիքը:
Միջադեպը տեղի է ունեցել ապրիլի 16-ին: Բուժօգնություն է պահանջվել 25 իրաքցու, տեսուչներից ոչ մեկը չի տուժել:
Սա ԻՊ արդեն երկրորդ քիմիական գրոհն է վերջին օրերին: Ավելի վաղ գրոհայինները քլորով արկ էին գցել Մոսուլի արևմուտքում:
Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ Մոսուլում ահաբեկիչների կողմից քիմզենքի օգտագործումն արդեն սիստեմատիկ բնույթ է ստացել, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Չենք կասկածում, որ ԻՊ, «Ջեբհաթ ան Նուսրայի» գրոհայինները ոչ միայն կենցաղային թունավոր նյութեր են կիրառում, օրինակ, քլոր, այլ նաև լիարժեք թունավոր նյութեր, օրինակ, իպրիտ»,-ասել էր Զախարովան:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայինները քիմիական զենք են կիրառել Իրաքի հյուսիսում կռվող քուրդ զինյալների` «փեշմերգա» ջոկատների դեմ:«Իսլամական պետությունն» առանձին ստորաբաժանում է ստեղծել, որն ակտիվորեն զբաղվում է քիմիական զենքի մշակմամբ, հետազոտություններ և փորձեր է անցկացնում Իրաքի, Սիրիայի և այլ երկրների գիտնականների ներգրավմամբ:






