AM
27 Ապրիլ 2017 - 07:35 AMT

Շախմատի հայ վետերանները 3-րդ անընդմեջ հաղթանակն են տարել ԱԱ-ում

Հունաստանում ընթացող շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնության 3-րդ տուրում Հայաստանի մրցակիցն էր առաջնությունում ամենաբարձր գործակից ունեցող Անգլիայի առաջին հավաքականը:

Մրցախաղում Հայաստանի վետերան շախմատիստները 3-1 հաշվով առավելության են հասել մրցակցի նկատմամբ. առաջին խաղատախտակի վրա Ռաֆայել Վահանյանը ուժի դիրքերից հաշտություն է կնքել Նայջել Շորտի հետ, 2-րդ խաղատախտակի վրա Ջոն Նանի նկատմամբ հաղթանակ է տոնել Արտաշես Մինասյանը, 3-րդ խաղատախտակի վրա հանդես եկող Կարեն Մովսիսյանն իր պարտիան ավարտել է ոչ ոքի արդյունքով, իսկ Սերգեյ Գալդունցն ուժեղ է գտնվել Կիտ Արկելից և հաղթական վերջակետ դրել մրցախաղում:

3-րդ տուրից հետո 2 հավաքական՝ Հայաստանը և Ռուսաստանը, վաստակել են 6-ական թիմային միավոր և գլխավորում են աղյուսակը, տեղեկացնում է ՀՀ շախմատային ֆեդերացիան:

Ապրիլի 27-ին կայանալիք 4-րդ տուրում մեր մրցակիցն է լինելու Ռուսաստանի ընտրանին:

Շախմատի աշխարհի վետերանների թիմային առաջնությանը մասնակցում է 22 թիմ, 9 տուր խաղացվի: Մեկնարկային տուրում մեր հավաքականը 3.5:0.5 հաշվով հաղթել էր մրցաշարի տանտերերին: Երկրորդ տուրում հավաքականը 4:0 չոր հաշվով առավելության են հասել գերմանական VSG 1880 Offenbach թիմի նկատմամբ: