Ապրիլի 28-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1998թ. ծնված Մհեր Ֆելիքսի Արզումանյանը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը և իր զորակցությունը հայտնում զոհված զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին, հայտնում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունը:
Ապրիլի 27-ին և լույս 28-ի գիշերն արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 35 անգամ՝ հայ դիրքապահների ուղղությամբ արձակելով մոտ 440 կրակոց: ԱՀ ՊՆ հաղորդմամբ, ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից և շարունակել իրականացնել մարտական դիրքերի հուսալի պահպանություն:






