ՌԴ և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց են ունեցել: Նրանք քննարկել են ՌԴ և ԱՄՆ գործողությունների համակարգումը Սիրիայում ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև իրավիճակը Կորեական թերակղզում:
Սպիտակ տանը ևս դրական են գնահատել հեռախոսազրույցի արդյունքները՝ «շատ լավը» անվանելով զրույցը: Ըստ ամերիկյան կողմի, նախագահները քննարկել են Սիրիայում «անվտանգության գոտիների» ստեղծումը, ամբողջ Մերձավոր Արևելքում ահաբեկչության դեմ պայքարը:
Նշվում է, որ Պուտինը զսպվածության կոչ է արել: Նրանք պայմանավորվել են համատեղ աշխատել խնդիրները դիվանագիտական ճանապարհով լուծելու համար:
Թրամփն ու Պուտինը պայմանավորվել են անձնական հանդիպման մասին հուլիսին Համբուրգում կայանալիք G20-ի շրջանակում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Սա ԱՄՆ և ՌԴ նախագահների երրորդ հեռախոսազրույցն է Թրամփի ընտրվելուց հետո:
2016-ի նոյեմբերի 15-ին ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն են ունեցել: Թրամփն ասել է, որ հուսով է, որ ՌԴ և ԱՄՆ միջև ամուր հարաբերություններ կլինեն:Երկու նախագահը քննարկել են մի շարք հարցեր, այդ թվում այն մարտահրավերները, որոնց այսօր բախվում են ԱՄՆ-ն ու ՌԴ-ն, ռազմավարական տնտեսական հարցեր և ԱՄՆ ու ՌԴ պատմական հարաբերությունները, որոնք արդեն մոտ 200 տարեկան են:






