AM
5 Մայիս 2017 - 08:28 AMT

Տաջիկստանում ավելորդ քաշով ոստիկաններին ազատում են աշխատանքից

Տաջիկստանի ՆԳՆ 10 աշխատակից, որոնք չեն հասցրել նիհարել 2016-ի ավարտին հայտարարված ավելորդ քաշի դեմ պայքարի շրջանակում, ազատվել են աշխատանքից իրավապահ մարմիններում: Մյուսները շարունակում են նիհարել, գրում է «Ասիա-պլյուս» պորտալը գերատեսչության հաղորդագրության վրա հղումով:

Տաջիկստանի ՆԳՆ-ն հայտնում է, որ շաբաթական 3 անգամ իրավապահ մարմինների բոլոր աշխատակիցները 5կմ են անցնում վազքով, այլ ֆիզիկական ծանրաբեռնվածություն ունենում:

2017-ի սկզբին ներքին գործերի նախարարը կարգադրել էր նորմային համապատասխանեցնել միլիցիայի բոլոր աշխատակիցների քաշը՝ ըստ հասակի և քաշի միջազգային չափանիշների:

2016-ի դեկտեմբերին Տաջիկստանի միլիցիայի աշխատակիցները հրահանգներ են ստացել հասակի և քաշի նորմատիվների վերաբերյալ, որտեղ ասվում է, որ 168-170 սմ հասակ ունեցող աշխատակցի քաշը չպետք է գերազանցի 75 կգ: