Մեկ ամսում Վրաստանի 10.000 քաղաքացի է օգտվել Եվրոպա առանց մուտքի արտոնագրի մեկնելու հնարավորությունից: Այդ մասին հայտարարել է ընդլայնման և բարիդրացիության քաղաքականության գծով եվրահանձնակատար Յոհանես Հանը Թբիլիսիում՝ Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ հանդիպման ավարտին:
Վրաստանի քաղաքացիները մարտի 28-ից կարող են առանց մուտքի արտոնագրերի այցելել Եվրամիության երկրներ կարճատև այցերով՝ կենսաչափական անձնագրերով:
Հանը նշել է, որ ողջունում է ազատականացման գործընթացը:
«Ես վստահ եմ, որ Վրաստանի քաղաքացիները կշարունակեն օգտվել այդ հնարավորությունից, և ամեն ինչ կընթանա ըստ մեր նախանշած պլանների, որպեսզի մենք տեսնենք, թե ինչպես է մարդն առանց որևէ արգելքի ճամփորդելու իրավունք ստանում: Սա ԵՄ բաց քաղաքականության արդյունքն է, բաց դռների քաղաքականության»,-ասել է նա, գրում է«Գրուզիա Օնլայնը»:
Վրաստանի բնակիչները կարող են ԵՄ երկրներում մնալ 90 օր (կես տարվա ընթացքում), մինչդեռ նրանք չեն կարող աշխատել միջպետական միավորման տարածքում: Առանց մուտքի արտոնագրի ռեժիմի խախտողները կարտաքսվեն Վրաստան և կտուգանվեն 3000 եվրոյով, նրանց կարգելվի մուտքը ԵՄ 5 տարվա ընթացքում:
Մարտի 26-ին Վրաստանում հանդիսավոր միջոցառումներ անցան, նվիրված առանց վիզայի ռեժիմի ընդունմանը: Թբիլիսիի Եվրոպայի հրապարակում տեղի ունեցավ համերգ, կապույտ գույնով, որն, ինչպես հայտնի է ԵՄ գույնն է լուսավորվեցին շենքերը, հեռուստաաշտարակն ու Խաղաղության կամուրջը:






