Հայաստանում ՖԱ «Բարսելոնայի» պաշտոնական ֆան-ակումբը կբացվի 2017-ի հունիսին: Այս մասին PanARMENIAN.Net-ին տեղեկացրեց V Sport TV-ի մարզական մեկնաբան, Բուքմեյքերների ռեյտինգ կայքի հայկական տարբերակի գլխավոր խմբագիր Սպարտակ Պետրոսյանը։
«Բարսայի ֆան ակումբը պետք է բացվեր այս տարվա փետրվարին: Ամեն ինչ նախատեսված հունով էր ընթանում. փետրվարի սկզբինց մենք գրանցվեցինք որպես հասարակական կազմակերպությունը, դա նախավերջին անհրաժեշտ փաստաթուղթն էր ֆան ակումբի գրանցման համար:
Սակայն վերջին փաստաթղթի ստացման համար անհրաժեշտ էր մեկնել Բարսելոնա: Ինձ վիզա չտվեցին: Ի վերջո, Բարսելոնան ընդառաջեց և թղթաբանության վերջին փուլի հարցերը լուծում է առանց իմ՝ Բարսելոնա ներկայանալու:
Արդյունքում՝ հունիսի ընթացքում սպասում ենք վերջնական հաստատմանը: Հունիսին լիցենզիան կլինի Երևանում», – ասաց Պետրոսյանը:
2016-ի դեկտեմբերին Սպարտակ Պետրոսյանը հայտնել էր, որ մոտ կես տարվա երկարատև բանակցություններից հետո ՖԱ Բարսելոնան հաստատեց ներկայացրած հայտը՝ ԱՊՀ տարածքում երկրորդ պաշտոնական ֆան ակումբը բացելու վերաբերյալ: Այն Բարսամաններին հնարավորություն կտա դառնալ Բարսելոնայի պաշտոնական անդամ, մասնակցել բազմաթիվ միջոցառումների՝ թե Բարսելոնայում, թե Հայաստանի տարածքում: Յուրաքանչյուր անդամ կունենա իր սեփական քարտն՝ ուղարկված Կատալոնիայի մայրաքաղաքից, որի միջոցով կօգտվի բազմաթիվ զեղչերից, ակցիաներից:
Պետրոսյանը նաև հայտնել էր, որ ամեն տարի ակումբի անդամներից մի քանիսը հնարավորություն կունեն ենան անվճար մեկնել «Բարսելոնա» ու ներկա գտնվել «Բարսելոնայի» խաղերից մեկին:






