AM
11 Մայիս 2017 - 06:39 AMT

ՌԴ-ում 1 երեխա ունեցող ընտանիքները կարող են հարկվել

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին է ներկայացվել «Սակավաթիվ երեխաներով ընտանիքների» մասին օրինագծի նախագիծը, որը մշակվել է Ժողովրդագրության, միգրացիայի և տարածաշրջանային զարգացման ինստիտուտում: Հեղինակները կարծում են, որ երկրում չափից շատ են երեխա չունեցող ընտանիքները՝ ընդհանուր քանակի մոտ մեկ երրորդը:

Նախատեսվում է, որ կվճարեն բոլոր նրանք, ովքեր 1 երեխա ունեն: «Որպեսզի բնակչության քանակը մինչև 2035թ. չնվազի, հարկավոր է ավելի շատ բազմազավակ ընտանիքներ ունենալ: 3 և ավելի երեխա ունեցող ընտանիքները պետք է ավելանան 7 անգամ»,-ասել է Ինստիտուտի դիտորդական խորհրդի նախագահ Յուրի Կրուպնովը,գրում է «Կոմսոմոլսկայա պրավդան»:

Առաջարկվում է «Ապագայի հիմնադրամ» ստեղծել, որից կսուբսիդավորվեն բազմազավակ ընտանիքները: Հիմնադրամը կհամալրվի տարբեր աղբյուրներից:

Հարկադրման չափը դեռ չի նշվում:

3-4 երեխա ունեցող ընտանիքները կստանան 25.000 ռուբլի: 5-7 երեխա ունեցողները՝ 45.000 ռուբլի: Եթե 8-ից ավելի երեխա կա ընտանիքում, կփոխանցվի 100.000 ռուբլի ամեն ամիս:

Ըստ Կրուպնովի, աշխարհում ոչ մի տեղ այդքան սուր չէ ժողովրդագրական խնդիրը: «Առանց արմատական միջոցների ոչինչ չես անի: Ծնելիությամբ հարկավոր է լրջորեն զբաղվել: Համակարգային մոտեցում է հարկավոր»,-ասել է նա: