AM
15 May 2017 - 06:53 AMT

Մխիթարյանը՝ «հայկական էքսպրես». Մատչ TV-ի ռեպորտաժը ֆուտբոլիստի մասին

Մատչ TV հեռուստաալիքը 15 րոպեանոց ռեպորտաժ է ներկայացրել` նվիրված «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին։

«Նախկին ԽՍՀՄ-ի լավագույն ֆուտբոլիստի մանկությունը, պատանեկությունը և երիտասարդությունը։ Երևանից Մանչեսթեր մի քանի կանգառներով։ Հայկական Էքսպրես` Հենրիխ Մխիթարյան։ Ո՞վ և ո՞րտեղ է սովորեցրել նրան այդպես խաղալ»,- այսպես են ներկայացնում սյուժեն ֆիլմի հեղինակները, գրում է Sputnik Արմենիան։

Նկարահանող խումբը եղել է Երևանում և հետևել է Մխիթարյանի կյանքի ուղուն՝ քաղաքի կենտրոնում գտնող բակից, որտեղ ծնվել է «փոքր Հայաստանի մեծ աստղը» մինչև դպրոց։

Ռեպորտաժում Մխիթարյանը ներկայացված է որպես բազմակողմանի զարգացած անձնավորություն բազում տաղանդներով` լեզվաբանականից մինչև երգարվեստ։ Միայն թե դպրոցում «Պատերազմ և խաղաղությունը» չի կարողացել ընթերցել ժամանակի սղության պատճառով։

«Մխիթարյանն ունի տեխնիկա, բնավորություն, տակտիկա և նախկին ԽՍՀՄ տարածքում նրանից լավ ֆուտբոլիստ չկա»,- ամփոփում է լրագրողը։

Ընթացիկ խաղաշրջանում Մխիթարյանը 36 խաղ է անցկացրել ՄՅՈւ կազմում բոլոր մրցաշարերում և 10-ը գոլի հեղինակ դարձել:

«Խաղաշրջանի գոլ» մրցանակին հավակնող «Մանչեսթեր Յունայթեդի» 10 գոլերից 4-ը Մխիթարյանն է իրացրել: Քվեարկությունն արդեն բաց է, խաղաշրջանի գոլին են հավակնում Մխիթարյանի խփած գոլերը «Զարյա», «Սանդերլենդ», «Ուիգան» և «Լեսթեր» ակումբների դեմ խաղերում: