Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) հետ գործակցությամբ Եվրոպայի, Ասիայի և Լատինական Ամերիկայի ավելի քան 50 երկիր է հետաքրքրվում: Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Մեկ գոտի՝ մեկ ուղի» համաժողովի «կլոր սեղանի» նիստում:
Նա նշել է, որ բանակցություններ են ընթանում ԵՏՄ և Չինաստանի միջև առևտրատնտեսական գործակցության վերաբերյալ համաձայնագրի, Իսրայելի հետ ազատ առևտրի վերաբերյալ, պայմանավորվածություններ կան Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի, Սերբիայի և Սինգապուրի հետ խորհրդակցություններ սկսելու վերաբերյալ:
Ըստ Պուտինի, 2015-ին որոշվեց ԵՏՄ շրջանակում ընթացող ինտեգրման գործընթացները զուգակցել «մետաքսե ճանապարհի» ստեղծման հետ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:
Նա նշել է, որ այդպիսի գործընկերությունը տևական ու քրտնաջան գործընթաց է, որը ենթադրում է ինտեգրման տարբեր խորություն, արագություն և ինետգրման մակարդակ, սակայն այդպիսի աշխատանքը չափազանց կարևոր է, քանի որ ի վերջո թույլ կտա միասնական տնտեսական տարածք ստեղծել Ատլանտիկայից մինչև Խաղաղ օվկիանոս:
Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Անկարան մտադիր է ազատ առևտրի մասին պայմանագիր կնքել Մոսկվայի հետ ամենասեղմ ժամկետում և արագացնել ԵՏՄ հետ հարաբերությունների հաստատումը:






