Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Այդ մասին հայտարարություն է տարածել Բիթլիսի նահանգապետարանը, թուրքական Sabah թերթի կայքին հղումով գրել է Ermenihaber.am-ը:
Մասնավորապես նշվում է, որ պարետային ժամը հայտարարվել է քաղաքացիների անվտանգության նկատառումներից ելնելով: Այն կտևի այնքան ժամանակ, մինչև նահանգապետարանի կողմից հավելյալ ծանուցում կարվի:
Աղբյուրը նաև մանրամասնում է՝ թե որ գյուղերում է հայտարարվել պարետային ժամ (Գայդա, Աքշար, Հորոզդերե, Աքդիք գյուղերում): Սակայն չի տեղեկացվում, թե ինչ գործողություններ են իրականացնելու պարետային ժամի ընթացքում:
Ավելի վաղ Բիթլիսում բախումներ էին գրանցվել «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) զինյալների և թուրք իրավապահ մարմինների միջև:






