AM
15 May 2017 - 14:33 AMT

ՀՀ-ից 6 հրաձիգ կմասնակցի երիտասարդական ԱԱ-ին

Երիտասարդ հրաձիգները պատրաստվում են աշխարհի առաջնությանը: Մինչև տարվա գլխավոր ստուգատեսը, մարզիկները լավագույնի կոչման համար պայքարել են Հայաստանի առաջնությունում:

Հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտնել է, որ լավ արդյունքներ գրանցեցին այն մարզիկները, որոնց հետ հույսեր են կապում: Հենց այդ լավագույններից վեցն էլ մասնակցելու է աշխարհի առաջնությանը:

«Աշխարհի առաջնությունում հանդես կգան Նարեկ Ադամյանը, Վրեժ Թորոսյանը և Հայկ Բաբայանը (երեքն էլ` օդամղիչ հրացան), Ալլա Պողոսյանը (օդամղիչ հրացան), Բենիկ Խլղաթյանը և Զավեն Իգիթյանը (օդամղիչ ատրճանակ): Հայաստանի առաջնությունում նրանց մասնակցությունից շատ գոհ եմ: Ալլա Պողոսյանը նոր ռեկորդ սահմանեց, Բենիկ Խլղաթյանը չեմպիոն դարձավ, առաջ անցնելով իրենից ավելի փորձառու Զավեն Իգիթյանից:

Եթե նման արդյունքներ ունենանք աշխարհի առաջնությունում` կլինենք եզրափակիչներում: Կմասնակցենք ինչպես անհատական, այնպես էլ թիմային պայքարին: Հայաստանի առաջնությունում շատ լավ հանդես եկավ նաև Հովհաննես Մարգարյանը (վազող թիրախ): Նա, երկու վարժություններում բարձր ցուցանիշներով զբաղեցրեց առաջին տեղը»,- ասել է Նիկողոսյանը, գրում է ՀՀ Ազգային օլիմպիական կոմիտեի կայքը:

Մինչև աշխարհի առաջնությունը երիտասարդ հրաձիգները հագեցած ծրագիր ունեն.

«Հունիսի 7-10-ը կմասնակցենք Լեհաստանի բաց առաջնությանը: Այնուհետև նույն երկրում հավաք կանցկացնենք Լատվիայի, Լեհաստանի և Ուկրաինայի հավաքականների հետ: Մեր հրաձիգները կմարզվեն բարձրակարգ մարզիկների հետ և փորձ ձեռք կբերեն»:

Աշխարհի առաջնությունը կկայանա հունիսի 22-29-ը Գերմանիայի Զուլ քաղաքում: