AM
16 Մայիս 2017 - 06:30 AMT

Լուժկովին Վրաստանի «սև ցուցակում» կընդգրկեն. ՌԴ ԱԳՆ-ն քաղաքացիներին ռիսկերի մասին է հիշեցրել

ՌԴ ԱԳՆ-ն զգուշացրել է իր երկրի քաղաքացիներին Վրաստան այցելության ռիսկերի մասին, քանի որ Վրաստանը մտադիր է Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովին ընդգրկել սև ցուցակում:

«Պաշտոնական Թբիլիսին շարունակում է սիստեմատիկ սադրանքները, որոնք խարխլում են ՌԴ հետ հարաբերությունների առողջացման գործընթացը: Նման վարքագիծը ռացիոնալ բացատրելը դժվար է, քանի որ ռուս-վրացական հարաբերությունների կարգավորումը զգալիորեն շահավետ է Վրաստանի տնտեսության և քաղաքացիների համար»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ:

Այդ կապակցությամբ ԱԳՆ-ն զգուշացրել է ՌԴ քաղաքացիներին «Վրաստան այցելությունների հետ կապված ռիսկերի մասին»: Նշվում է, որ Լուժկովի հանդեպ Վրաստանի իշխանությունները իրական պատժամիջոցներ չեն կիրառել և հայտարարել են «դատավճիռը» արդեն Վրաստանից նրա հեռանալուց հետո:

«Սակայն, վերջին տարիներին եղել են նաև այլ դեպքեր՝ ՌԴ քաղաքացիները նմանատիպ իրավիճակում բազմիցս են տուգանվել և նույնիսկ կալանավորվել են»,-ասվում է ԱԳՆ հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ավելի վաղ Վրաստանի ՆԳ նախարար Շալվա Խուցիշվիլին հայտնել է լրագրողներին, որ Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը սև ցուցակում կընդգրկվի և նրա մուտքը Վրաստան կարգելվի նախկինում Աբխազիա և Հարավային Օսիա այցելությունների պատճառով: